Պատրաստ ենք աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ. Միշելը` Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման մասին
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արդյունավետ է համարել նախօրեին Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հետ Բրյուսելում կայացած բանակցությունները։
«Արդյունավետ երեկո անցկացրեցի Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հետ։ Մենք հասանք կոնկրետ և շոշափելի արդյունքների։ Պատրաստ ենք աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որը կկարգավորի բոլոր խնդրահարույց հարցերը», – գրել է նա սոցիալական ցանցում։
Ինչպես հայտնի դարձավ նախօրեին, բրյուսելյան հանդիպման արդյունքում Փաշինյանն ու Ալիևը ձեռք են բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով։ Նրանք հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:-0-