Պետք է թշնամանքը հեռացված լինի, որպեսզի Բաքվի համաժողովին ՀՀ–ի մասնակցությունը դառնա իրականություն․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համարում է, որ հայկական կողմը պետք է մեկնի Բաքվում կայանալիք COP29 համաժողովին, սակայն Ադրբեջանը պետք է փոխի իր հռետորաբանությունը և դադարի պահանջներ ներկայացնել։
«Առաջարկը նորմալ է, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում»,- «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով`Բաքուն «պետք է շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք»։
«Բաքուն պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց մենք ենք ձգտում...։ Միանշանակ, պետք է երկխոսություն վարել այն հարցի շուրջ, որը խաղաղություն կապահովի»,- նշել է Քոչարյանը։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29) կանցկացվի այս տարի նոյեմբերի Բաքվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։