Փորձագետը խոսել է Սիրիայում թուրքական ռազմական ներխուժման նպատակների մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Թուրքագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Սոնա Սուքիասյանն ուրբաթ «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ նշեց, որ Թուրքիան, իրականացնելով ռազմական գործողություններ Սիրիայում, հետապնդում է երկու հիմնական նպատակ, որոնք կապված են քրդերի և սիրիացի փախստականների հետ։
Հոկտեմբերի 9–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։ Թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։
Սուքիասյանի խոսքով, Թուրքիայի առաջին նպատակն է մաքրել երկրի սահմանները քրդական տարրերից, քանի որ այդ երկրում դրանք համարվում են ահաբեկչական խմբավորումներ, ինչպես նաև վտանգ են տեսնում երկրի հյուսիսում և հյուսիս–արևելքում քրդերով բնակեցված գավառներում։
«Թուրքիան փորձում է ստեղծել անվտանգության գոտի Սիրիայի հյուսիս–արևելքում, ուր հետագայում կկարողանա տեղափոխել փախստականներին ողջ տարածքից։ Նա նաև այդկերպ կարող է փոխել տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը` քրդերին փոխարինելով սիրիացի փախստականներով, որոնք ավելի լոյալ են Թուրքիայի նկատմամբ», – նշեց Սուքիասյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են Սիրիայում իրականացվող թուրքական գործողություններն ազդել Հայաստանի վրա` փորձագետը նշեց, որ թուրքական բանակի ցանկացած ներկայություն վտանգավոր է ոչ միայն հայ, այլև ողջ քրիստոնյա բնակչության համար։
Սուքիասյանն ընդգծեց, որ Սիրիայի տարածքում բնակվում է մոտ 3 հազար հայ, և պետք է քայլեր ձեռնարկվեն նրանց անվտանգությունն ապահովելու համար։
Նա, սակայն նշեց, որ կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ Սիրիայում իրականացվող գործողությունները կոնկրետ ուղղված չէին այնտեղ բնակվող հայերի դեմ։
«Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը, լինելով այս տարածաշրջանի երկիր, պետք է ակտիվորեն ներգրավված լինի այստեղ ընթացող գործընթացներում։ Ի նկատի ունեմ, որ հարկավոր է արագ արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին», – ասաց նա` նշելով նաև, որ անհրաժեշտ է թարմացնել ազգային անվտանգության ռազմավարությունը` ելնելով զարգացումներից։–0–