Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Քոչարյան. Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար

05.12.2020, 11:32
Քոչարյանն ասել է, որ իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, երբ համանախագահները չէին հասկանում, թե հայկական կողմը ինչ է ուզում
Քոչարյան. Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար, հայտարարել է Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5–րդ ալիքին տված հարցազրույցում։

«Ես նոր բան չեմ ասելու, որովհետև հետևում էի մամուլին այս վերջին 1 ամսվա ընթացքում, գրեթե ամեն ինչ ասված է, ուղղակի կարելի է ամփոփել այս ամենը, ամբողջացնել, թե ինչու այսպես եղավ», – նշել է Քոչարյանը։

Առաջինը, նրա խոսքով, բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար։

«Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, երբ համանախագահները չէին հասկանում, թե հայկական կողմը ինչ է ուզում։ Ձևավորվեց տպավորություն, որ հայկական կողմը ուղղակի տարբեր հնարքներ է ստեղծում, հորինում` բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար», – կարծում է Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ պատերազմը սկսվել է այն պահին, երբ ոչ ոք չէր կասկածում, որ «բանակցային գործընթացը խոչընդոտվում է հայկական կողմի պատճառով»։

Երկրորդը, Քոչարյանի խոսքով, ըստ էության հայկական իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավական հիմքն ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է։ Հիմա մենք մեր հայտարարություններով փոխեցինք, ըստ էության, և հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ։ Եվ սա է պատճառը, որ միջազգային հանրության կողմից այս պատերազմում Աադրբեջանի ագրեսիան դիտվում էր որպես տարածքային ամբողջականության վերականգնում», – նշել է Քոչարյանը` հարցադրում անելով, թե քանի երկիր դատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար։

«Սրա անունը ի՞նչ է, եթե ոչ դիվանագիտական ձախողում։ Պատերազմ սկսող կողմը չդատապարտվեց պատերազմ սկսելու համար։ Պատճառը մեկն է. վերականգնում էր իր տարածքային ամբողջականությունը, իսկ այդպիսի ընկալումը մեր իշխանությունների ուղղակի մեղքն է։ «Արցախը Հայաստան է և վերջ» (Փաշինյանի ցիտատը, խմբգր.) մի բանաձև է, որը նշանակում է ուղղակի տեղափոխել հարցը հայ–ադրբեջանական հարաբերությունների տիրույթ, տարածքային ամբողջականության տիրույթ», – ընդգծել է նախկին նախագահը։

Քոչարյանի կարծիքով, այս երկու հարցի ուղղակի մեղավորը Հայաստանի վարչապետն է։

«Ինքը սկսեց զրոյական կետից, իր սեփական կետից, իսկ սեփական կետն այն է, ինչի մասին ես ասացի», – ավելացրել է Քոչարյանը։–0–