ՌԴ–ն մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. Կրեմլը ԱՄՆ ներքին գործն է համարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ–ի կողմից։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի լրագրողներին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Դա ներքին հարց է (ԱՄՆ)», – ասել է նա`մեկնաբանելով Վաշինգտոնի որոշումը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը` խոսելով 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանության մասին։
ԱՄՆ նախագահներն ապրիլի 24–ին ավանդաբար դիմում են հայ ժողովրդին` կարեկցանքի և աջակցության խոսքերով։ Սակայն «ցեղասպանության» եզրույթը փոխարինում էին «ջարդ», «մեծ ողբերգություն», «Մեծ Եղեռն» ձևակերպումներով։
Այսպիսով, Բայդենը կատարեց նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումը։ Նա 40 տարվա ընթացքում դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915թ.–ին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններն անվանեց Ցեղասպանություն։ Ռոնալդ Ռեյգանը եղել է ԱՄՆ վերջին նախագահը, ով 1981թ.–ին հայերի նկատմամբ կատարված ոճրագործություններն անվանել է «Ցեղասպանություն», սակայն շուտով հետ է կանգնել իր խոսքերից Թուրքիայի ճնշման ներքո։
Թուրքիան կտրականապես հերքում է «ցեղասպանություն» եզրույթը` պահանջելով անցկացնել միջազգային քննություն և կարծում է, որ այս չափազանց ցավոտ հարցի դիրքորոշումը լակմուսային թուղթ է, որը թույլ է տալիս սահմանել այս կամ այն օտարերկրյա պետության վերաբերմունքը։
Բայդենի հայտարարության նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն արդեն հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել իր դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հարցում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն զգուշացրել էր Վաշինգտոնին այդ քայլի կապակցությամբ` նշելով, որ այն կվնասի թուրք–ամերիկյան հարաբերություններին։ ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը զգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «չի նպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը» և երկու երկրների սահմանների բացման, որը մնում է փակ, սակայն կարող է ապաարգելափակվել` հաշվի առնելով ղարաբաղյան պատերազմի արդյունքները։–0–