Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18–ին ժամը 16։00–ին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ դատարանը չորս օր դռնբաց կարգով քննում էր Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եկել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երաշխավոր կանգնելու համար։
Սահակյանն ու Ղուկասյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին հանձնեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումը։ Դատավորը զգուշացրեց երաշխավորներին պատասխանատվության մասին Քոչարյանի հետագա գործողությունների համար։
Մայիսի 14-ի նիստի ժամանակ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին դիմում, որտեղ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորում են, որ կալանքից ազատվելու դեպքում Քոչարյանը չի խոչընդոտի քննությանն ու չի կատարի Քրեական օրենսգրքով արգելված գործողություններ։ Նրանք երաշխավորել են, որ նա ներկա կլինի դատական նիստերին դատական ողջ գործընթացի ընթացքում և խնդրում են խափանման միջոց կալանքը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով: Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել է, որ Արցախի նախագահի գրավոր դիմումը բավարար չէ խափանման միջոցը փոխելու համար, և նա անձմաբ պետք է մասնակցի նիստին։–0–