Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Ռուբեն Վարդանյանն ազատվեց Արցախի պետնախարարի պաշտոնից

23.02.2023, 19:23
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ
Ռուբեն Վարդանյանն ազատվեց Արցախի պետնախարարի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Ինչպես նշվում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ:

Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն բարդել ինձ վրա: Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտենում նաև Արցախում ստեղծված վիճակի ու հետագա բոլոր խնդիրների համար իմ անձնական պատասխանատվության ծավալին ու չափին»,- ընդգծել է երկրի ղեկավարը:-0-