«Սա այն բանի օրինակ է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները եռակողմ հայտարարության կողմ չեն, որով 2020 թվականին վերջ դրվեցին Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունները և տարածաշրջանում ռուսական զորքեր տեղակայվեցին։
Ապրիլի 17-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից։
«Անկեղծ ասած, մենք ոչինչ չտեսանք, որը կմատնանշեր, որ ռուսական բանակը նպաստել է ավելի խաղաղ և կայուն հարավկովկասյան տարածաշրջանի ստեղծմանը, և անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները շատ հատկանշական են այս առումով», - ասել է Պատելը:
Նա սա անվանել է ևս մեկ օրինակ այն բանի, Ռուսաստանը հուսալի դաշնակից կամ գործընկեր չէ։
«Սակայն, բացի այդ, մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ ենք շարունակել նպաստել այս գործընթացին», - ընդգծել է նա։
1980 զինծառայողից բաղկացած ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում՝ համաձայն հայ-ռուս-ադրբեջանական 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Խաղաղապահները ծառայել են Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքում, որը կապում էր Արցախը Հայաստանի հետ։ Եռակողմ փաստաթղթի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում պետք է գտնվեր մինչև 2025 թվականը։