Ստեփան Գալստյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի համաձայն, նշանակվել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին», – հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին դիմել է ՍԴ, նա ուզում է վիճարկել օրենքի այն կետը, որով Փաշինյանը պաշտոնից ազատել է ԳՇ պետին։
Այսօր Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով` նշելով, որ իրեն պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է, «ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան»։ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։
Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:–0–