Рейтинг@Mail.ru
USD
396.84
EUR
408.82
RUB
3.8875
GEL
140.28
2025 թ. հունվարի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

11.12.2024, 10:47
Ծրագիրն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը:

Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: 

Առանձնապես կարևորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով: 

Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: 

Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ: 

Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: 

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: