«Տաշիր» ընկերությունների խումբը վրդովեցուցիչ է համարում Սամվել Կարապետյանի հասցեին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. «Տաշիր» ընկերությունների խումբն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին, որոնք հասցեագրված են ընկերությունների խմբի նախագահ, խոշոր գործարար Սամվել Կարապետյանին։
Այսօր պարզ դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զինամթերք տեղափոխելու մտացածին մեղադրանքով:
««Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են ու որևէ հիմք չունեն։ Այն, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները շարունակում են նախապես ծրագրված կեղծ մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ հանդիսացող անձանց նկատմամբ, վրդովեցուցիչ է ու անընդունելի», – նշվում է «Տաշիր» ընկերություևնների խմբի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։
«Ինձ զարմացնում է, թե ինչպիսի համառությամբ են Ադրբեջանի իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց երևակայությունների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին իրենց իսկ կողմից ավերված տարածաշրջանի վերականգնմանը», – նշել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Հայտնի է, որ Սամվել Կարապետյանը երկար տարիներ շարունակ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի Հանրապետությունում նախաձեռնել ու իրականացրել է բացառապես սոցիալական ու հումանիտար նախագծեր. կառուցել դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: Այդ կառույցներից շատերը ավիրվել են ադրբեջանական բանակի կողմից: Զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ:
«Տաշիր« ընկերությունների խումբն ու Սամվել Կարապետյանն անձամբ ցուցաբերել և շարունակում են հումանիտար օգնություն ցուցաբերել հայ ժողովրդին ու պատերազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը:–0–