Рейтинг@Mail.ru
USD
396.54
EUR
409.11
RUB
4.1315
GEL
141.62
2025 թ. փետրվարի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

«Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն». Փաշինյանն` Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին (ՎԻԴԵՈ)

20.09.2023, 14:59
Նա հայտարարեց, որ հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. ՎԻԴԵՈ
«Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն». Փաշինյանն` Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ–ի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում։

«Մենք ծանոթացանք տեքստին ու քանի որ այդ տեքստի ձևավորման Հայաստանը որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում հիշատակվում են ՀՀ զինված ուժերը և խոսվում է Լեռնային Ղարաբաղից «ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների» մասին», – ասաց նա։

Այս փաստն, ըստ Փաշինյանի, իրենց համար հասկանալի չէ, բազմիցս ասել են, որ 2021թ. օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։

«Բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից այս հայտարարության ընդունումը ընդունում ենք ի գիտություն։ Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, ԼՂ-ի հայության անվտանգության հարցն է և տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են ԼՂ-ի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, և ապրելու արժանապատիվ ու անվտանգ: Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դրված է ՌԴ խաղաղապահ առաքելության վրա», – ասաց նա

Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ նման քայլ անելով` ՌԴ խաղաղապահ զորախումբը ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, «ինչի հետ կապված նախորդ շրջանում ունեցել են որոշակի վերապահումներ»:

Նա հավելեց, որ Հայաստանի հետ, ըստ էության, կապ չունեցող տեքստում Հայաստանի Հանրապետության անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իր այն վարկածը, մոտեցումը և գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ:
«Իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լինել Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը: Այս առումով իմ գնահատականը, առնվազն նաև այսօրվա իրադարձությունների համատեքստում, առնվազն գոյության շատ լուրջ իրավունք ունի, բայց դա իմ գնահատականն ու իմ համոզմունքն է», – ասաց Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին և եթե լրացուցիչ գնահատական, լրացուցիչ ասելիք ունենան այս առումով, անպայման դա կկիսեն:
«Վերջին տեղեկատվությունը, որ ինձ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետևյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է: Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, առավել ևս այս պայմաններում կայունությունը և ռազմական գործողությունների դադարը շատ կարևոր է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից։

«Գործնական առումով մենք կհետևենք իրադարձություններին: Մենք գուցե որոշակի մտքերի փոխանակում կունենանք մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված և լրացուցիչ գնահատականներ և ասելիք ունանալու պարագայում այն անպայման կկիսենք ձեզ հետ», – ասաց Փաշինյանը։–0–