Վարչապետ. ՀԱՊԿ–ի արձագանքը Սոտք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի ներխուժմանը ձախողում է կազմակերպության համար

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Սոտք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը անշուշտ Զինված ուժերի և կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ ձախողում էր նաև կազմակերպության համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում:
«Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել, արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի, մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել», – ասաց վարչապետն` ավելացնելով, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոտք-Խոզնավար հատվածում` իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
«Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները ցավոք միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռևս 90-ականների սկզբից ևս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում և ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում», – ընդգծեց վարչապետը:
Փաշինյանը նաև ասաց, որ քաղաքականացման հետևանքով բանակի շուրջ մեկուկես ամսվա կաթվածահար վիճակը 2021 թվականի փետրվար-ապրիլին ուղիղ հետևանք ունեցավ ի դեմս Սոտք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման և այդ իրադարձությունները ավելի հրատապ դարձրին բանակի բարեփոխումների օրակարգը, որի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի բանակի պրոֆեսիոնալացումը, ժամկետային զինծառայության համակարգը վերափոխելով պահեստազորի պարբերական հավաքների, մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմա իրականացվում են եռամսյա վարժական հավաքները:–0–