Վարչապետ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ:
«Ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է», – հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում պետք է այսօր արձանագրի, որ տեսնում է այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում է այն քայլերի հաջորդականությունը, որոնք պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին անընդհատ խոսվում է, քննարկվում ենք և բարձրաձայնվում, այն է` Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը։
«Շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: Եվ այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք», – ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։
«Եվ, հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է։ Այս է պատճառը, որ մենք մշտապես ուղիղ կապի մեջ ենք Արցախի նախագահի հետ: Նաև մեր մյուս գործընկերներն աշխատում են զուգահեռ Արցախի գործընկերների հետ», – հայտարարել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ համատեղ աշխատանքի հսկայական հատվածը վերաբերում է սոցիալ-տնտեսական ոլորտին։