Գյումրու ողբերգությունը չի կարող սեպ խրել հայ–ռուսական համագործակցության մեջ. Օհանյան
27.01.2015,
18:05
Գյումրու ողբերգությունը չի կարող սեպ խրել հայ–ռուսական համագործակցության մեջ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Գյումրու ողբերգությունը չի կարող սեպ խրել հայ–ռուսական համագործակցության մեջ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել
«Միասնական զորախմբավորման շրջանակում մեր համագործակցությունը ռուսական 102–րդ ռազմաբազայի և Հայաստանի կողմից ներգրավված զորամասերի միջև շատ բարձր մակարդակում է։ Այս միջադեպը չի կարող սեպ խրել մեր հարաբերությունների մեջ։ Հայաստանի անվտանգությունը համատեղ ապահովելու հարցում մեր պատրաստակամությունը հաստատում է օպերատիվ–ռազմական պլանավորման առկայությունը, որի համաձայն` բավականին բարձր մակարդակի զորավարժություններ են անցկացվում», – ասաց Օհանյանը։
Նա հիշեցրեց, որ բազմիցս կրկնել է, որ Հայաստանի տրամադրության տակ գտնվող զինված ուժերով երկիրը ոչ մի խնդիր չունի Ադրբեջանի հետ։
«Հայաստանի տարածքում նման զորամիավորումների առկայությունը գլոբալ կերպով լուծում է տարածաշրջանի անվտանգության հարցը` հատկապես հաշվի առնելով Թուրքիայի առկայությունը», – ասաց նախարարը։
Նրա խոսքերով` 102–րդ բազայի հրամանատար, գնդապետ Ռուզինսկու հետ ամենօրյա շփման պայմաններում ակնհայտ է դառնում, որ նրա հրամանատարության օրոք լուրջ աշխատանք է անցկացվել բազայի մարտական պատրաստվածության բարձրացման ոլորտում։
«Կարող եմ համեմատել բազայի ղեկավարության վերջին 7 տարիները, ինչպես եղել է մինչև նա և նրա ղեկավարության օրոք։ Այսօր լուրջ փոփոխություններ կան մարտական պատրաստվածության, ինչպես նաև նոր մարտական տեխնիկայի քանակի ավելացման հարցում», – նշեց Օհանյանը։
Նախարարի խոսքերով` ինչ վերաբերում է բազայի անձնակազմի համալրման հարցին, ապա դրանով զբաղվում են ստորաբաժանումների հրամանատարերը, և յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքն է որոշում անձնակազմի և իր բանակի համալրման հետ կապված հարցերը։
«Չեմ կարծում, որ մենք պետք է միջամտենք այդ հարցում և ստուգենք ռուս զինվորներին, դա ճիշտ չէ», – ընդգծեց Օհանյանը։
Նախարարը նաև հորդորեց «հանգիստ թողնել Պերմյակովին և քննչական խմբին»։
«Քննչական աշխատանքը պատասխաններ կտա, որոնք կբավարարեն մեր հասարակությանը։ Պերմյակո՞վն է դա արել, թե՞ նրա հետևում ինչ–որ ուժեր կան կանգնած, այստեղ շատ խնդիրներ կան, որոնք գաղտնիություն են ենթադրում», – ասաց Օհանյանը` նշելով, որ իրավասու մարմիններից բացի ոչ ոք չպետք է միջամտի այդ գործի քննության գործընթացին։–0–