Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Կիպրոսի գլխավոր դատախազի պնդում է, որ իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել` առանց տվյալ անձի թույլտվության

01.07.2013, 19:11
Կիպրոսում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել` առանց տվյալ անձի թույլտվության, «Ազատություն» ռադիոկայանին է ասել Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը` մեկնաբանելով  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ծավալված «օֆշորային պատմությունը»։
Կիպրոսի գլխավոր դատախազի պնդում է, որ իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել` առանց տվյալ անձի թույլտվության
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կիպրոսում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել` առանց տվյալ անձի թույլտվության, «Ազատություն» ռադիոկայանին է ասել Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը` մեկնաբանելով  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ծավալված «օֆշորային պատմությունը»։

«Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչև չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանել է․ - «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»:

Ավելի վաղ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր ԱԺ–ում, որ օֆշորների առանձնահատկությունը թույլ է տալիս ցանկացած անձի ընկերություն գրանցել կամայական անունով։

Կլերիդեսը ասել է նաև, որ խոսել է Հայաստանի գլխավոր դատախազի հետ: «Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ իմ մեկնելը եւ ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել»:,– ասել է դատախազը։

«ԱՌԿԱ» գործակալությունը փորձում է կապ հաստատել կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հետ` այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։

Hetq.am–ում  մայիսի 29–ին հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի համաձայն, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը։ Հոդվածում ասվում էր, որ հայկական առևտրային բանկերից մեկը վարչապետի միջնորդությամբ ընկերության հաշիվներին ավելի քան 10 միլիոն դոլար է փոխանցել։

Ավելի վաղ վարչապետը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել` հոդվածում հրապարակված տեղեկությունը դիտարկելու և քննելու խնդրանքով։ -0-