Ամուլսարի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց. իշխանությունները խնդրում են սպասել
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամուլսարի հանքի գործունեության դադարեցումից դժգոհ աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց։
«Մենք արդեն 53 օր չենք աշխատում, բազմիցս դիմել ենք կառավարությանը, որ այդ հարցը լուծվի, սակայն այդպես էլ պատասխան չենք ստացել։ Այսօր որոշել ենք հավաքվել այստեղ, որպեսզի ստանանք մեր հարցերի պատասխանները», – ասաց Lydian Armenia ընկերության կենսաբազմազանության մոնիթորինգի մասնագետ Մխիթար Արշակյանը։
Ըստ նրա, ընկերության աշխատակիցները պատրաստ են սպասել կառավարության պատասխանին, ինչքան որ հարկ լինի։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսերյանն ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանն առաջարկեց սպասել 15 օր։
«Դուք սպասելեք 53 օր, խնդրում ենք մի քիչ էլ սպասել, որպեսզի աշխատանքային խումբը կատարի իր աշխատանքները, ու մենք եզրակացություններ ստանանք։ Այս տվյալների հիման վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կընդունվի վերջնական որոշում (հանքավայրի գործունեության վերաբերյալ – խմբ.)», – ասաց նա։
Սիսերյանը նշեց նաև, որ հանդիպումից անմիջապես հետո նա կքննարկի իրավիճակը Lydian Armenia ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ` աշխատողներին մի շարք անհանգստացնող հարցեր պարզելու համար։
Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Երևանում և մարզերում բազմաթիվ բողոքի ակցիաներ էին անցկացվել, որոնց մասակիցները առաջ էին քաշել ինչպես քաղաքական, սոցիալական, այնպես էլ էկոլոգիական պահանջներ` այդ թվում Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրների շուրջ։ -0-