Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Ադրբեջանը 2014թ.–ին շուրջ 18 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. Օհանյան

07.08.2014, 14:28
2014 թվականի սկզբից ադրբեջանական կողմը շուրջ 18 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, մինչդեռ 2013 թվականին խախտումների թիվը հասնում էր 13 հազարի, հինգշաբթի կառավարության նիստում ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը` ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի սկզբից ադրբեջանական կողմը շուրջ 18 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, մինչդեռ 2013 թվականին խախտումների թիվը հասնում էր 13 հազարի, հինգշաբթի կառավարության նիստում ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը` ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«2014 թվականին հակառակորդը դիվերսիայի 26 դեպք է ձեռնարկել, դրանց 15 տոկոսը` հուլիսից կեսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Այսօր իրավիճակը լարված է մնում, Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև շփման գծում և թիկունքում զորքերի տեղաշարժման սահմանված կարգը»,– ասաց Օհանյանը։

«Ադրբեջանական կողմի գործողությունները դժվար է որակել այլ կերպ, քան դիվերսիոն։ Ադրբեջանական կողմը նաև այլ գործողություններ է ձեռնարկում` զորանոցային դրություն է հայտարարվել, գրանցվել են ռազմական տեխնիկայի տեղաշարժումներ և հակառակորդի ավիացիայի ու անօդաչու թռչող սարքերի ակտիվություն շփման գծի երկայնքով, տարվում է տեղեկատվական ակտիվ քարոզչություն և այլն»,– ասաց նախարարը։

Օհանյանը միաժամանակ ընդգծեց, որ այդ գործողությունների հետևանքով հակառակորդը 8-9 անգամ ավելի կորուստ է ունեցել, քան հայկական կողմը։

«Հակառակորդի ձեռնարկած բոլոր գործողություններն աննախադեպ են 1994 թվականից հետո։ Այս ամենն արվում է բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու և երկրի ներսում պարտվածի բարդույթից ազատվելու նպատակով»,– ասաց նախարարը։

Օհանյանը տեղեկացրեց, որ այսօր հայկական ԶՈՒ–ն գործում է բարձր մարտունակության պայմաններում, հատկապես, գիշերային ժամանակ, իսկ զինծառայողները մարտական են տրամադրված։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին` կոչ անելով կառավարության անդամներին հարգել նրանց հիշատակը լռության րոպեով։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-