Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ապրիլի 29–ի դրությամբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն

29.04.2024, 19:52
Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են
Ապրիլի 29–ի դրությամբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն, հաղորդում է ՀՀ կառավարությունը։

«Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են», – նշվում է կառավարության հաղորդագրության մեջ։

Բողոքի ակցիաների մասին

Ապրիլի 20-ին Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ բողոքի ցույցեր են սկսվել, որոնք տարածվել են նաև այլ մարզերում և Երևանում։ Դրանց մասնակիցները պարբերաբար փակում են մայրուղիներ և բողոքի պաստառներ կախում կամուրջներին ու ճանապարհներին։ Ոստիկանությունը պարբերաբար ուժ է կիրառում և բերման է ենթարկում ցուցարարներին։

Փորձագիտական հանրությունը և ընդդիմությունը հայտարարում են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող պետական սահմանի սահմանազատման գործընթացի բացասական հետևանքների մասին՝ այն որակելով որպես միակողմանի զիջումներ։ Կառավարության պաշտոնյաները, ընդհակառակը, ձեռքբերում են համարում այն, որ Ադրբեջանը ճանաչեց Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ասում են, որ այս գործընթացի արդյունքը պետք է լինի խաղաղության պայմանագիրը Երևանի և Բաքվի միջև:

Հայաստանի–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման մեկնարկի մասին

Ապրիլի 19–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպման ընթացքում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը։
Նշվում է նաև, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:

Ապրիլի 23–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։