Ունեցանք բանակցությունների հերթական ռաունդը, կենտրոնացանք խաղաղության պայամանագրի տեքստի վրա. Միրզոյանը՝ «3+3»-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Առաջարկ չկա դրված սեղանին, եթե լինի էլ՝ մենք նպատակահարմար չենք գտնում դրան դրական արձագանքել։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «3+3»-ի՝ որպես հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակի օգտագործմանը։
Արտգործնախարարը նշում է որ Ադրբեջանի հետ արդեն իսկ կա երկկողմ բանակցությունների ձևաչափ։
«Այլ բան, որ բազմակողմ միջոցառումների ընթացքում տարբեր երկրների նախարարներ օգտագործում են առիթը՝ միաժամանակ մի տեղ լինելու, և երկկողմ հանդիպումներ են ունենում։ Այս անգամ մենք էլ Ադրբեջանի արտգործնախարարի հետ բացառություն չէինք։ Մենք ունեցանք բանակցությունների հերթական ռաունդը, կենտրոնացանք խաղաղության պայամանագրի տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել և մոտեցնել հնարավոր շուտափույթ պայմանագրի կնքմանը։
Միրզոյանի խոսքով՝ «3+3»-ի աշխատանքներին առաջին պահից էլ Հայաստանը մասնակցել է, ըստ նրա՝ կշարունակի մասնակցել։