Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Փաշինյան.մոտ 500–600 ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքի տարբեր հատվածներում

20.05.2021, 12:32
Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի բոլորիս հայտնի հատվածներում`Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել
Փաշինյան.մոտ 500–600 ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքի տարբեր հատվածներում
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի բոլորիս հայտնի հատվածներում`Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում: Այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում:

«Մեր ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է. առաջին՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն մաքսիմալն անել ռազմական կամ պատերազմական բախման որևէ սցենար բացառելու համար և երկրորդ, հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ այս առումով ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում։

«Դրա կարևոր վկայություններից է նաև այն, որ այսօր կառավարության նիստում ԱԳ նախարարի տեղը թափուր է, որովհետև ԱԳՆ մեր բոլոր գործընկերները հենց այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով: Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ դիվանագիտական կատարված աշխատանքը համարում եմ արդյունավետ: Ընդ որում ոչ միայն ԱԳՆ-ի գործընկերներն են դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլև ՊՆ-ն նույնպես, փոխվարչապետերը` նույնպես: Այդ աշխատանքը համարում եմ հաջողված, որովհետև միջազգային մեր գործընկերների և Հայաստանի դիրքորոշումները, ըստ էության, նույնական են: Այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը»,-ասաց նա` նշելով, որ սա մի փաստ է, որը աշխատանքային մակարդակում արձանագրված է։–0–