Հայաստանում ՌԴ ԴՄԾ ներկայացուցչության փակումը չի կանգնեցնի միգրացիան. Կովալենկո

Հայաստանում ՌԴ ԴՄԾ ներկայացուցչության փակումը չի կանգնեցնի միգրացիան. Կովալենկո

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն կարծում է, որ հանրապետությունում ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության փակումը չի կանգնեցնի միգրացիան, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Երեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը դեսպանին հարցրեց, թե ինչու Ռուսաստանը չի փակում Հայաստանում ԴՄԾ ներկայացուցչությունը` ավելացնելով, որ արտերկրում բնակվող հայրենակիցների ՌԴ կամավոր միգրացիային աջակցություն ցուցաբերման պետական ծրագիրն աջակցում է երկրից արտագաղթին։

«Արդյո՞ք խնդիրը ԴՄԾ–ի ներկայացուցչությունն է։ Ինչ–որ մեկը Ռուսաստա՞ն է քաշում մեկնել ցանկացող հային։ Եթե փակվի ներկայացուցչությունը, կարծում եք՝ մարդիկ չե՞ն մեկնի։ Պատճառը ներկայացուցչությունը չէ, այլ, հավանաբար, ինչ-որ  ուրիշ բան»,– ասաց դեսպանը։

Ըստ նրա` մարդիկ մեկնում են Հայաստանից, քանի որ նրանք ինչ–որ բավականին օբյեկտիվ պատճառներ ունեն, որոնք կապված չեն միգրացիոն ծառայության ներկայացուցչության հետ։

«ԴՄԾ ներկայացուցչությունն աշխատում է, որպեսզի սահմանափակի անօրինական միգրացիան, որպեսզի այն մարդիկ, ովքեր Ռուսաստան են մեկնում աշխատելու, պաշտպանված լինեն, որպեսզի նրանք անվտանգության պայմաններ ունենան, որպեսզի ինչ–որ չափով կյանքի նորմալ պայմաններ և լավ աշխատավարձ ունենան։ Սա աշխատանքի օրինական ձև է, և ներկայացուցչությունը զբաղվում է հենց աշխատանքի ապահովման օրինական ձևով»,– ասաց Կովալենկոն։

Միաժամանակ նա նշեց, որ ոչ ոք չի հարցնում, թե ինչպես են օրինակ աշխատում  ԱՄՆ հյուպատոսարանները։

«Ես կարող եմ ասել, որ «Գրին քարտով» Հայաստանից ավելի շատ մարդիկ են մեկնել, քան Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության»,– ասաց դեսպանը։

Նա նշեց, որ ԱՄՆ դեսպանատան հյուպատոսի հայտարարության համաձայն, «Գրին քարտով» 2007թ.–ից մինչ օրս ավելի քան հինգ հազար մարդ է մեկնել ընտանիքների հետ միասին։

«ԴՄԾ ներկայացուցչությամբ հինգ հազարից պակաս մարդ է մեկնել ընտանիքների հետ։ Ինչու՞ է աղմուկ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կապ ունի այստեղ ներկայացուցչությունը»,– նշեց Կովալենկոն։

Ըստ նրա` սա «մեղմ ասած, ոչ կոռեկտ և ոչ այնքան խելացի հարց է»։

«Դա ոչ միայն Ձեզ է վերաբերում,– լրագրողին ասաց դեսպանը, –Ես կարծում եմ, որ նախքան նման տեսակի հարց ուղղելը պետք է դիմել վիճակագրությանը, թվերին»։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:26 09.10.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×