Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

ԱԺ խոսնակն անվտանգության սպառնալիք է անվանել ընդդիմության արարքը խորհրդարանում

11.04.2018, 13:55
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն անվտանգության սպառնալիք է անվանել խորհրդարանի նիստերի դահլիճում ընդդիմության կողմից իրականացված գործողությունները։
ԱԺ խոսնակն անվտանգության սպառնալիք է անվանել ընդդիմության արարքը խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն անվտանգության սպառնալիք է անվանել խորհրդարանի նիստերի դահլիճում ընդդիմության կողմից իրականացված գործողությունները։

Չորեքշաբթի «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը կոչ արեց հայաստանցիներին մասնակցել ապրիլի 13–ին նախատեսված հանրահավաքին` ընդդեմ վարչապետի պաշտոնին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրմանը և ճայթռուկ վառեց։ Ամբիոնի մոտ նրան միացավ նաև ընդդիմադիր պատգամավոր Լենա Նազարյանը, որի ձեռքում ևս վառվում էր երկու գունավոր ճայթռուկ:

«Մենք մի օրինագիծ ենք քննարկում, որը միտված է քաղաքացինների, նրանց հանգստության ու անվտանգության պահպանմանը և ականատես ենք դառնում այնպիսի երևույթի, որը սպառնալիք է այդ թվում ՀՀ ազգային ժողովի շենքի հրդեհային անվտանգության համար: Բացի դրանից, այդ ճայթրուկները թունավոր նյութեր են տարածում ու վտանգավոր են նիստերի դահլիճում աշխատող մարդկանց համար», - ասաց Բաբլոյանը:

Նա նշեց, որ հանդես է գալիս ոչ միայն որպես ԱԺ խոսնակ, այլ նաև որպես հասարակ քաղաքացի և բժիշկ, ով անընդունելի է համարում պատգամավորների ու քաղաքացիների առողջության վտանգումը` ելնելով քաղաքական կամ այլ նպատակներից:

«Պատկերացրեք, թե ինչ կարող էր տեղի ունենար, եթե բռնկում լիներ: Շենքում աշխատում է 700 մարդ, և նրանք բոլորը վտանգի տակ կհայտնվեին: Անընդունելի եմ համարում այդ արարքը», - ասաց Բաբլոյանը:–0–