ԱՄՆ-ի դեսպանը նշել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում և կարևորել է «հետագա քննարկումների համար հունիսին հանդիպելու պարտավորությունը»:
Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների ներկայությամբ:
Վիեննայում բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են պահպանել հրադադարը տարածաշրջանում` 1994–1995 թթ.–ին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Կողմերը նաև պայմանավորվել են, որ ԵԱՀԿ–ն կձևավորի կոնկրետ քայլեր` շփման գծում միջադեպերի քննության համար, կլուծի անհետ կորածների խնդիրները։ Բացի այդ, երկու երկրների նախագահները հայտարարել են, որ կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը, որի ժամանակ կշարունակվի ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման պարամետրերի համաձայնեցմանն ուղղված աշխատանքը։
«Շատ կարևոր է և դրական նաև հետագա քննարկումների համար հունիսին հանդիպելու պարտավորությունը: Համանախագահները, ԱՄՆ կառավարությունը կշարունակեն աշխատել երկու կողմերի հետ, որպեսզի հանդիպումը լինի արդյունավետ և հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համակողմանի կարգավորմանը», - ասաց Միլզը:
Նա ձեռքբերում անվանեց այն փաստը, որ երկու կողմերն էլ հաստատել են 1994-1995 թթ.-ի զինադադարի համաձայնագրի շուրջ ստանձնած իրենց պարտավորությունները:
«Դրական է նաև այն, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատել շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Դա բարի կամքի դրսևորում է», - ասել է Միլզը:
Նա նաև հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ են պատրաստ հետևողականորեն իրականացնել իրենց պարտավորությունները:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:41 18.05.2016