Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

ԱՄՆ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել. Հոգլանդ

24.08.2017, 11:15
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել:
ԱՄՆ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել. Հոգլանդ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել, Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ ՄԽ ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հաղորդմամբ, Հոգլանդը հայտարարել է, որ օգոստոսի 28-ին նա ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը նոր, արդեն մշտական համանախագահ Էնդրյու Սկոֆերին։

«Նա շատ փորձառու բարձրաստիճան ամերիկացի դիվանագետ է, ով վերջերս ծառայել է որպես միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա ունի իրական փորձ Կիպրոսի և այլ հակամարտությունների կարգավորման գործում, կարծում եմ, Պետքարտուղարությունը և պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ», – նշել է Հոգլանդը։

Նրա խոսքով, նոր համանախագահն տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը և պատրաստ է ստանձնել պարտականությունները

«Ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում (ղարաբաղյան հակամարտության կարգավորում, խմբգր.) նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են` համանախագահի փոփոխությունից անկախ», – ընդգծել է Հոգլանդը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-