ԱՄՆ փոխդեսպանն իր երկրի անունից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ–ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը երկուշաբթի այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այսօր այստեղ։ Գիտեմ, թե այսօր ինչ կարևոր օր է հայերի և սփյուռքի համար։ Ես այստեղ եմ ԱՄՆ–ի անունից հարգանքի տուրք մատուցելու 1,5 մլն հայերի հիշատակին, ովքեր զոհվել են 1915 թ.–ին», – ասաց դիվանագետը երկուշաբթի «Ծիծեռնակաբերդում»։
Մանսուրը նշեց, որ ըստ ավանդույթի` ապրիլի 24–ին ԱՄՆ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ 1915 թ.–ի իրադարձությունների կապակցությամբ։ Միաժամանակ նա ձեռնպահ մնաց պատասխանելու այն հարցին, թե, արդյոք, Դոնալդ Թրամփը կարտաբերի։ «ցեղասպանություն» բառն իր հայտարարության մեջ, թե ոչ։
«Տարիների շարունակ ԱՄՆ–ն ճանաչել է 1,5 մլն հայերի մահվան փաստը սարսափելի վայրագությունների ժամանակ», – ավելացրեց Մանսուրը։
ԱՄՆ նախագահներն ավանդաբար ապրիլի 24–ին դիմում են հայ ժողովրդին ցավակցության և աջակցության խոսքերով։ Սակայն «ցեղասպանություն» եզրույթը այդ հայտարարություններում փոխարինվում է այլ ձևակերպումներով` «ջարդ», «կոտորած», «մեծ ողբերգություն»։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մինչև նախագահի պաշտոնում ընտրվելը խոստացել էր պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Նա իր ուղերձում մի քանի անգամ օգտագործել է «Մեծ եղեռն» հայերեն արտահայտությունը, որը հայերենից թարգմանաբար նշանակում է «ցեղասպանություն»։
Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-