Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը կարելի է որակել միայն «պատերազմ» բառով. Հովհաննիսյան

Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը կարելի է որակել միայն «պատերազմ» բառով. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը կարելի է բնութագրել միայն որպես պատերազմ, երեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ և չկա որևէ փորձագետ կամ վերլուծաբան, ով իրավիճակը չի գնահատում որպես ռազմական։ Սա պատերազմ է, և այլևս հնարավոր չէ խոսել հրադադարի ռեժիմի խախտման մասին, քանի որ այն գոյություն չունի», – ասել է Հովհաննիսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

Ինչ վերաբերում է հայկական զինված ուժերի գործողությունների տրամաբանությանը, ապա, նրա խոսքով, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ձախողում են հակառակորդի լուրջ ծրագրերն ու խնդիրները։

 «Նրանք փորձում են դիմել լուրջ գործողությունների, կանոնավոր կերպով ավելացնում են կիրառվող սպառազինության տրամաչափը` հասնելով ընդհուպ մինչև տանկերի և հաուբիցների օգտագործման, քանի որ նախորդ միջոցներով, չնայած հայկական կողմի կրած կորուստներին, նրանք արդյունքի չէին հասնում։ Նրանց գործողությունները դատապարտված են ձախողման և բախվում են ավելի հզոր հակահարվածի հետ», – ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ ադրբեջանցի զինվորականների գլխավոր նպատակը հայկական դիրքեր ներթափանցելն ու նոր սահմանագծերի ամրապնդումն է։

Միաժամանակ մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ 2008 թ.–ին հակառակորդին հաջողվել է ընդամենը կարճ ժամանակով գրավել հենակետերից մեկը, սակայն հետագայում նա ետ է շպրտվել։

«Մինչ օրս նրանց չի հաջողվում հասնել հաջողության, նրանք կրում են կորուստներ և նահանջում ելման դիրքեր` չլուծելով իրենց առջև դրված խնդիրները։ Մենք ունեցել ենք զոհեր, սակայն մեր զինծառայողներից ոչ մեկը չի հեռացել իր դիրքից», – ասաց Հովհաննիսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:40 22.12.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×