Ադրբեջանը ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ ականանետային կրակ է բացել

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը շարունակում է ղարաբաղյան դիրքերի գնդակոծումը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությանը, հունվարի 30-ին և 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից (8 արկ) հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-