Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)

23.10.2017, 11:00
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռք բերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան», – ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ:

Հոկտեմբերի 16–ին Ժնևում ԵԱՀԿ ՄԽ–ի միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ–ն հանդես է եկել հայտարարությամբ`ամփոփելով հանդիպման արդյունքները։

«Նախագահները համաձայնություն են ձեռք բերել միջոցներ ձեռնարկելու բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և նախաձեռնել լրացուցիչ քայլեր շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Համանախագահները բավարարված են երկու երկների նախագահների բանակցություններից, որոնք տեղի ունեցան երկար ընդմիջումից հետո։ Նրանք վերահաստատում են իրենց պատրաստակամությունը աշխատել կողմերի հետ` բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Որպես հաջորդ քայլ` համանախագահները մոտ ապագայում կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ երկու երկների ԱԳ նախարարների մասնակցությամբ», – նշվում է ԵԱՀԿ ՄԽ–ի հայտարարության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ 

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-