Ադրբեջանը շարունակում է պատրաստվել ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական սցենարի. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Պաշտոնական Բաքուն շարունակում է պատրաստվել ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական սցենարի, հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը` մեկնաբանելով մարտի 12–ին Ադրբեջանում մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունները։
Մարտի 12–ին Ադրբեջանի ԶՈւ–ն մեկնարկել է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք կտևեն մինչև մարտի 17–ը։ Զորավարժություններին մասնակցում է մոտ 25 000 զինծառայող, մինչև 250 միավոր զրահատեխնիկա և 1000 միավոր հրետանի։ Զորավարժություններին կմասնակցեն նաև մոտ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ։
«Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը տրամաբանական է։ Առաջին հերթին, պաշտոնական Բաքուն միշտ անցկացնում է զորավարժություններ այն բանից հետո, երբ ստանում է ռուսական սպառազինության հերթական խմբաքանակը, և երկրորդը` մենք գիտենք, որ Ադրբեջանում սպասվում են արտահերթ ընտրություններ, որոնց նախաշեմին Ալիևի նման պահվածքը կանխատեսելի է», – ասաց Պողոսյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018 թ.–ի ապրիլի 11–ին նշանակել է արտահերթ նախագահական ընտրություններ։ Ալիևը համապատասխան հրամանագիրը ստորագրել է փետրվարի 5–ին։ Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանային 2018 թ.–ի հոկտեմբերին։ Ալիևի հրամանագրում չի նշվում արտահերթ ընտրությունների նշանակման պատճառը։
Պողոսյան խոսքով, զորավարժություններով Ալիևն առաջին հերթին ուղերձ է հղում իր ժողովրդին` ցուցադրելով բանակի ռազմական հզորությունը, ներկայացնելով դա որպես ձեռքբերում։
«Այդ զորավարժությունները լավ առիթ են մեր ռազմական փորձագետների համար, որպեսզի նրանք ուսումնասիրեն ադրբեջանական սպառազինությունը, Ադրբեջանի ԶՈւ–ի գործողությունների մարտավարությունն ու ռազմավարությունը, և դրա հիման վրա արդեն ձևավորեն գործողությունների սեփական սցենարները պատերազմի վերսկսման դեպքում», – ասաց Պողոսյանն ու ընդգծեց, որ անկախ այն փաստից` Ադրբեջանում կազմակերպվում են զորավարժություններ կամ ընտրություներ, հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի արտացոլել հակառակորդի հարվածը, և դրա համար, առաջին հերթին, հարկավոր է զարգացնել սեփական ռազմական և տնտեսական ներուժը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-