Ալիևի վրա ճնշում է գործադրվում մարդու իրավունքների խախտումների պատճառով. փոխարտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա միջազգային ճնշում է գործադրվում այդ երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով, ուրբաթ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Մեդիակենտրոնի» կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ։
Մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը` Քոչարյանը նշեց, որ Վաշինգտոնում Ալիևի հանդիպումները կարելի էր բնութագրել` որպես բարձր մակարդակում անցկացված հանդիպումներ, եթե նրան ընդուներ գոնե փոխնախագահը։
Շավարշ Քոչարյանը նշեց, որ միջազգային հարաբերություններում չի կարելի ամեն ինչ դիտարկել սև–սպիտակ երանգներում։ «Իրականում Ալիևի ռեժիմի վրա գործադրվում է մեծ ազդեցություն մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տորպեդահարման կապակցությամբ, ավելին` որ նա սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի կայունությունը շփման գծում իր սադրիչ գործողություններով», – ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, հաշվի առնելով այս խնդիրներն` Ալիևը գտնվում է ճնշման տակ, իսկ ճնշումը, չնայած ամեն ինչին, ենթադրում է որոշակի մակարդակում հարաբերությունների պահպանում և երկխոսություն», – նշեց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-