Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Արցախահայությունը երբեք չի համաձայնվի ինքնավարության կամ այլ կարգավիճակի Ադրբեջանի կազմում. քաղաքագետ

18.10.2016, 17:09
Արցախի ժողովուրդը երբեք չի համաձայնվի ինքնավարության կամ այլ կարգավիճակի Ադրբեջանի կազմում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը
Արցախահայությունը երբեք չի համաձայնվի ինքնավարության կամ այլ կարգավիճակի Ադրբեջանի կազմում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի ժողովուրդը երբեք չի համաձայնվի ինքնավարության կամ այլ կարգավիճակի Ադրբեջանի կազմում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը` մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, ով, մասնավորապես, նշել է, որ պատրաստ է Ղարաբաղին տրամադրել ինքնավար հանրապետության կարգավիճակ։

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է լինել փոխզիջում տեղական ինքնավարության, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցերի շուրջ, ապագայում, եթե լինի պայմանավորվածություն, ապա կարող է լինել ինքնավար հանրապետություն։

«Ադրբեջանի նախագահը խոսում է միայն ադրբեջանական կողմի շահերի մասին, և ակնհայտ է, որ հայկական կողմը երբեք չի համաձայնվի, ավելին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ վերադարձ դեպի անցյալ չի լինի, և ԼՂՀ–ի անկախությունն, ամեն դեպքում, պետք է ճանաչվի համաշխարհային հանրության կողմից», – ասաց Մելիք–Շահնազարյանը։

Նրա խոսքով` ակնհայտ է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկներն անիրատեսական են և չեն արտացոլում Հայաստանի և Արցախի դիրքորոշումները։

Քաղաքագետի կարծիքով, հետաքրքրական է մեկ այլ փաստ, մասնավորապես, եթե մինչև ապրիլյան պատերազմը ադրբեջանական կողմը որպես փոխզիջում առաջարկում էր պատերազմը չվերսկսելու պատրաստակամությունը, ապա հիմա, ռազմական անհաջողություններից հետո, Ադրբեջանի ղեկավարության շեշտադրումները փոխվել են, և արդեն որպես փոխզիջում առաջարկվում է ինքնավար հանրապետության կարգավիճակ։

«Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունները կհասկանան, որ, ամեն դեպքում, նրանք պետք է հաշվի նստեն արցախահայության կարծիքի հետ և ճանաչեն Արցախի անկախությունը», – ասաց Մելիք–Շահնազարյանն ու ավելացրեց, որ Ղարաբաղը չի համաձայնվի ինքնավարության և ցանկացած այլ կարգավիճակի Ադրբեջանի կազմում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-