Արծվիկ Մինասյանը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
Մինասյանը «Ազատություն» ռ/կ–ի եթերում ընթացող առցանց ասուլիսի ժամանակ նշել է, որ նախարարը քաղաքական պաշտոն է, և հետևաբար ցանկացած գործողություն` հրաժարական կամ պաշտոնից հեռանալու որոշում, քաղաքական գործընթաց է։
Նախարարն ընդգծել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ նախագահի և ՀՅԴ–ի միջև ընդունված որոշման հիման վրա և առաջարկել է բոլոր հայտարարությունները դիտարկել այդ համատեքստում։
«Ես մտադիր չեմ հրաժարական տալ երկու պատճառով. առաջինը` չկա որևէ գործողություն կամ հակառակ անգործություն, որոնք կարող էին հրաժարականի պատճառ լինել, երկրորդը` ես վճռական եմ տրամադրված ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում` հետագայում նման աղետների կրկնությունը նվազեցնելու կամ բացառելու նպատակով», – ասել է Մինասյանը։
Խոսրովի արգելոցում օգոստոսի 12–ից հրդեհվում էին խոտածածկ և անտառային տարածքներ։ Հրդեհը մեկուսացվել է միայն չորս օր անց` օգոստոսի 16–ին, սակայն մինչ օրս կան ծխացող օջախներ։
Նախարարը նաև պատասխանել է իր և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի միջև իբր լարված հարաբերությունների մասին հարցին, որոնք դրսևորվում են պարբերական վեճերում կառավարության նիստերի ժամանակ։
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ ՀՅԴ–ի ՀՀԿ–ի միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա երեք նախարար ՀՅԴ–ից պատասխանատու են նաև այլ ոլորտների համար, որոնց հարցում նրանք կարող են արտահայտել սեփական դիրքորոշումները։
«Մեր միջև չկա որևէ տարաձայնություն։ Վարչապետի հետ մեր հարաբերությունները նորմալ են և հիմնվում են փոխադարձ հարգանքի վրա։ Նա համակարգում է նախարարների գործունեությունն ու պատասխանատու է ողջ կառավարության վարած քաղաքականության համար։ Աշխատանքային վեճերը նորմալ երևույթ են, և հակառակը` սխալ կլիներ, եթե չլինեին ոչ մի տարաձայնություններ և վեճեր, լիներ միայն ցուցադրական համաձայնություն», – ասել է Մինասյանը։
Նա բնական է համարում նման աշխատանքային պահերը։
«Կարծում եմ, որ նման առողջ մթնոլորտը հարկավոր է խրախուսել, ընդ որում լավագույն որոշումը կգտնվի միայն առողջ վեճում», – ասել է Մինասյանը։–0–