Բաղդասարյան. ՀՀԿ–ն քվեարկության քաղաքական որոշում կկայացնի վարչապետի ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ–ն կանցկացնի գործադիր մարմնի նիստ և կընդունի վարչապետի ընտրություններում քվեարկության քաղաքական որոշում, երկուշաբթի ԱԺ–ում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Կկազմակերպվի ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, կլինի քվեարկությանը վերաբերող քաղաքական որոշում, և ոչ ոք դրանից չի շեղվի», – ասաց Բաղդասարյանը` պատասխանելով այն հարցին, թե Փաշինյանի օգտին կքվեարկեն միայն ՀՀԿ խմբակցության գործարարնե՞րը։
Միաժամանակ, նա չնշեց, թե երբ է տեղի ունենալու նիստը` տեղեկացնելով միայն, որ խմբակցությունը պատրաստ է ցանկացած զարգացման, այդ թվում` խորհրդարանի ցրման, և խմբակցության որոշման վրա ոչ ոք ճնշում չի գործադրում։
«Իրադարձություններն արագ են զարգանում, մենք հատավարիմ ենք մեր հայտարարությանը, և հաշվի առնելով, որ խորհրդարանական երեք քաղաքական ուժերը համաձայնել են աջակցել մեկ թեկնածուի` մենք կաջակցենք անհրաժեշտ ձայներով թեկնածուին ընտրելու համար, մնացած հարցերի շուրջ քննարկումներ դեռ չեն իրականացվել», – ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքով, ՀՀԿ–ի մտավախությունը, որն արտահայտվեց մայիսի 1–ի քվեարկությամբ, պահպանվում է, խմբակցության համար առաջնահերթ են մնում արտաքին քաղաքականության վեկտորի պահպանման և երկրի անվտանգության հարցերը։
Բաղդասարյանը նաև նշեց, որ Փաշինյանի թեկնածությանն աջակցելու որոշումը բխում էր այդ թվում երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ինչի կապակցությամբ ՀՀԿ–ն ընդունեց քաղաքական որոշում չխոչընդոտել և օժանդակել ընտրությունների ժամանակ։
«Դա որոշում էր երկրի անվտանգությունն ապահովելու համար` հաշվի առնելով գոյություն ունեցող սպառնալիքները», – ասաց Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, որը կներկայացվի վարչապետի ընտրություններից և կառավարության ձևավորումից հետո, ապա նա նշեց, որ այս հարցը դեռ չի քննարկվել։
«Երբ ծրագիրը ներկայացվի, այն ժամանակ էլ կքննարկենք` կողմ քվեարկենք, թե ոչ, չէ՞ որ հնարավոր է, որ այն պարունակի նույն դրույթները, ինչ ՀՀԿ–ի ծրագրում էր», – ասաց Բաղդասարյանը։
Նա նաև նշեց, որ ՀՀԿ–ն պատրաստ է աշխատել խորհրդարանում որպես ընդդիմություն, սակայն երբեք դեմ չի գնա երկրի շահերին և անվտանգության հարցերին։–0–