Բաքուն պարտավոր է վերադարձնել ԼՂՀ–ի օկուպացված շրջանները տարածքային հարցեր բարձրացնելուց առաջ. Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. / ԱՌԿԱ/. Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել ԼՂՀ–ի օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տարածքային հարցեր բարձրացնելուց առաջ, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Խոսքը Մարտունու և Մարտակերտի շրջանների մի մասի և Շահումյանի շրջանի մասին է», – ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` եթե խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, ապա դրանցում նշվում է և՛ տարածքների, և՛ կարգավիճակի մասին։ «Ադրբեջանը փորձում է բանակցային ողջ փաթեթից առանձնացնել տարածքների մասին կետը», – ասաց Քոչարյանը։
«Ճանաչելով Ղարաբաղը` Ադրբեջանը բանակցություններ կվարի մի սուբյեկտի վրա, որն իրավասու է քննարկել նման հարցեր։ Հայաստանը չի կարող այդ հարցերը որոշել Ղարաբաղի փոխարեն։ Այնպես որ ճանաչումը ցանկալի նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհն է Ադրբեջանի համար»,– ասաց Քոչարյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:52 12.05.2016