Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Բաքուն շանտաժի է դիմում` հրաժարվելով հանդիպել միջնորդների հետ. Նալբանդյան

09.03.2016, 15:07
Միջնորդների հետ հանդիպումից հրաժարվելու մասին Բաքվի հայտարարությունները շանտաժի հերթական փորձեր են, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Բաքուն շանտաժի է դիմում` հրաժարվելով հանդիպել միջնորդների հետ. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Միջնորդների հետ հանդիպումից հրաժարվելու մասին Բաքվի հայտարարությունները շանտաժի հերթական փորձեր են, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքով` Հայաստանում այն կարծիքի են, որ պատերազմը հակամարտության կարգավորման ճանապարհ չէ։

Նա ընդգծել է, որ չնայած ՄԽ համանախագահները փորձում են չեզոք դիրք զբաղեցնել, նախորդ տարի նրանք ստիպված էին հանդես գալ մի քանի հասցեական հայտարարություններով, որոնցում դատապարտեցին ծանր սպառազինության և  հրետանու կիրառումը, կոչ արեցին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև համաձայնել շփման գծում և Հայաստանի հետ սահմանին խախտումների քննության մեխանիզմի ստեղծման առաջարկի հետ։

«Այդ մեխանիզմը կարող էր լինել լարվածության հետագա աճի կանխման գործիք։ Համանախագահները նաև կոչ արեցին այլևս չքննադատել իրենց և վերահաստատել խաղաղ կարգավորման ծրագրին հետամուտ լինելու փաստը։ Հասկանալի է, որ բոլոր այդ կոչերն ուղղված են հենց Ադրբեջանին, քանի որ Հայաստանը երբեք չի քննադատել Մինսկի խմբին», – ասել է Նալբանդյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները շփման գծում և Հայաստանի հետ սահմանի վրա, շարունակում է օգտագործել ծանր հրետանի, գնդակոծել քաղաքացիական օբյեկտները։

Նախարարը նաև հիշեցրել է, որ Բաքուն հրաժարվում է ստեղծել միջադեպերի քննության մեխանիզմ, չի ցանկանում շփման գծից հեռացնել դիպուկահարներին, ինչպես նաև պահպանել 1994 թ.–ի մայիսին ստորագրված եռակողմ համաձայնագրերն անժամկետ հրադադարի մասին։

«Ադրբեջանը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը, հակամարտության քննարկումը տեղափոխել այլ ձևաչափեր։ Սակայն բանակցությունները դադարեցնելու պահանջն ու միջնորդների հետ հանդիպումից հրաժարվելու մասին` Բաքվից հնչող հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան շանտաժի հերթական փորձեր։ Համանախագահները բազմիցս հայտարարել են, որ նման փորձերը վնաս են», – ասել է Նալբանդյանը։

Նախարարի խոսքով` համանախագահների քննադատությունը նշանակում է, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրությանն` ամենաքիչը ԵԱՀԿ–ին, քանի որ ԵԱՀԿ բոլոր անդամ երկրները միջնորդության մանդատը փոխանցել են  ԵԱՀԿ համանախագահներին։

«Համանախագահները հրապարակային կերպով նշում են, որ Բաքվի կողմից իրենց ջանքերի քննադատությունը կարգավորման ուղով շարժվելու քաղաքական կամքի բացակայություն է։ Մեզ համար ակնհայտ է մի բան` բանակցություններն այլընտրանք չունեն», – ասել է Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: 

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-