Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

«Ծառուկյան» դաշինքը կաջակցի Փաշինյանի թեկնածությանը վարչապետի ընտրություններում (ԼՐԱՑՎԱԾ)

30.04.2018, 12:38
Փաշինյանը ևս մեկնաբանեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման արդյունքները։
«Ծառուկյան» դաշինքը կաջակցի Փաշինյանի թեկնածությանը վարչապետի ընտրություններում (ԼՐԱՑՎԱԾ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքը կաջակցի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի ընտրություններում, հայտարարեց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք հայտարարել ենք Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին, քանի որ «Ելք» դաշինքն այսօր առաջադրեց նրա թեկնածությունը։ Մենք նախապայմաններ չենք ներկայացնում», – ասաց Զոհրաբյանը։

Նա նաև հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստակամության, ինչպես նաև Փաշինյանի առաջարկած` Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին աջակցելու մասին։

Փաշինյանը ևս մեկնաբանեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման արդյունքները։

«Մենք փաստեցինք, որ այս ժամանակահատվածը հնարավորություններ է ստեղծում Հայաստանի զարգացման գործում ցատկ կատարելու համար։ Արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, ժամկետները կքննարկվեն քաղաքական ուժերի հետ։ Մենք պետք է վստահ լինենք, որ կիրականացվի անհրաժեշտ աշխատանք արդար և ազնիվ ընտրություններ կազմակերպելու համար, որոնց լեգիտիմությունը հարցեր չի առաջացնի։ Բոլոր հարցերի շուրջ մենք («Ծառուկյան» դաշինքի հետ) հասել ենք փոխըմբռնման», – ասաց Փաշինյանը։

Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես վարչապետի թեկնածու։

Ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի վարչապետի ընտրություններում։ Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում։ ՀՅԴ–ն ևս որոշում է ընդունել աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։–0–