ԵԱՀԿ ՄԽ միջնորդները վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը ԼՂ–ում
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիյոն (Ֆրանսիա) մտահոգություն են հայտնել շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ են արել կողմերին դադարեցնել կրակը, նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված համանախագահների հայտարարության մեջ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։
Իրենց հայտարարության մեջ համանախագահները «լուրջ մտահոգություն են հայտնում շփման գծում հրադադարի ռեժիմի լայնամասշտաբ խախտումների մասին տեղեկատվության կապակցությամբ»։
«Վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում մարդկանց, այդ թվում` քաղաքացիական անձանց անիմաստ մահվան համար», – նշվում է հայտարարության մեջ։
Համանախագահները կոչ են անում դադարեցնել կրակն ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` իրավիճակի կայունացման համար։
«Կրկնում ենք, որ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և պատերազմը լուծման տարբերակ չէ», – նշվում է հայտարարության մեջ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:27 02.04.2016