ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ամբողջության մնում են բանակցային սեղանում, երեքշաբթի Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամաանակ աաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ես արդեն նշել եմ այս հարցի լուծման բոլոր բաղադրիչների առկայության մասին, որոնք ներառված են բազմաթիվ փաստաթղթերում։ Դրանք 2007, 2009, 2011 թվականից ի վեր`դեպոնացվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ամրագրվել որպես համանախագահների առաջարկներ։ Դրանք ամբողջությամբ մնում են բանակցային սեղանին», – ասաց Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նաև նշեց, որ այդ բաղադրիչները ձևավորվել են փաթեթային, և բավականին դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու սկսել բանակցել դրանց շուրջ, «քանի որ հավասարակշռող բաղադրիչները դուրս են մնում այս դեպքում և չի լինի այն արդյունքը, որը մենք բոլորս սպասում ենք»։
Ընդ որում, նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։ Նա կարևոր համարեց, որ այդ դրական մոտեցումը կօգնի շարժվել դեպի կարգավորում։
Հոկտեմբերի 16–ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀՆ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայացել է ՀՀ և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլխամ Ալիևի հանդիպումը։ Նախագահների համաձայնություն են ձեռք բերել ակտիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը թուլացնելու համար։
Միաժամանակ Լավրովը հիշեցրեց , որ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում հանդիպել են եռանախագահների հետ և նշեց, որ ռուսական կողմը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանցիասի գործընկերների հետ կվերլուծեն այդ հանդիպումները։
«Անհրաժեշտ է գնահատել, թե որ փուլում ենք մենք հիմա գտնվում։ Կփորձենք ակտիվ ջանքեր գործադրել կարգավորմանը հասնելու համար, սակայն ես շատ լավատես չեմ այս հարցում։ Սա դժվար խնդիր է, և մեր բանակցային ամբողջ փորձը վկայում է այն մասին, որ այս բանակցությունները, ցավոք, արագ չեն ավարտվի», – եզրափակեց Լավրովը։–0–