ԵԱՀԿ Մինսկի խումբը երեքշաբթի նիստ կհրավիրի Վիեննայում. Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստը տեղի կունենա երեքշաբթի Վիեննայում, Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով, միջնորդները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը վերաբերող հարցեր:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վիեննայում երկուշաբթի օրը և երեքշաբթի կհրավիրեն ՄԽ-ի նիստ` Լեռնային Ղարաբաղում լարվածության սրումը նվազեցնելու նպատակով», - նշել է Ուորլիքը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում կանցկացնի նիստ` հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման քննարկման նպատակով: Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ընթացիկ իրավիճակը և համանախագահների հետագա քայլերը` ուղղված այս ձգձգված հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Նման որոշում է ընդունվել` հաշվի առնելով շփման գծում շարունակվող սրումը և ԵԱՀԿ-ի դերը հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիյոն (Ֆրանսիա) շաբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, որում մտահոգություն են հայտնել շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ են արել կողմերին դադարեցնել կրակը:
Համանախագահները «լուրջ մտահոգություն են հայտնում շփման գծում հրադադարի ռեժիմի լայնամասշտաբ խախտումների մասին տեղեկատվության կապակցությամբ»։
«Վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում մարդկանց, այդ թվում` քաղաքացիական անձանց անիմաստ մահվան համար», – նշվում է ԵԱՀԿ ՄԽ-ի տարածած հայտարարության մեջ։
Նրանք վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և պատերազմը լուծման տարբերակ չէ: -0-