ԵԽ պատգամավոր. մենք պետք է փորձենք եվրոպական միտումներ ներմուծել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան անդրադարձել է ԵՄ–Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին հայտարարել է, որ պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է ԵՄ–Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսվում է նոյեմբերին` Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
«Ես կարծում եմ, որ տնտեսապես պետք է օգնել Հայաստանին, որպեսզի այն ելք ունենա դեպի Սև ծով, որպեսզի բացվի Կարսի երկաթգիծը, որպեսզի Հայաստանը հեռացված չլինի ԵՄ–ից։ Իսկ որպեսզի այն լինի, պետք է գործընկերներ լինեն», – նշել է Շտենինան «Ժողովուրդ» օրաթերթին` անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կտա Հայաստանին ԵՄ–ի հետ համագործակցությունը, եթե Հայաստանը գտնվում է մեկ այլ տնտեսական միության կազմում։
Նրա խոսքով, այս ամենը հեշտ չի լինելու։
«Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալը մոտ ժամանակներս չի լինի, դա շատ հետագայի հարց է , քանի որ ԵԽ–ն խորհուրդ է տվել դադարեցնել բոլոր խոսակցությունները Թուրքիայի հետ ասոցացման համաձայնագիր ունենալու մասով», – հայտարարել է չեխ պատգամավորն ու հավելել, որ առանց քաղաքականության չի կարող լինել նաև լավ տնտեսություն և հակառակը։
«Եթե Վրաստանը մտնի ԵՄ, ապա մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի համար։ Հայտնի է, որ Հայաստանը չունի շատ գործընկերներ, և ԵՄ–ն մեծ ուժ է, և պետք է ուժեղ գործընկերներ գտնել։ Պետք է օգտվել բոլոր հնարավորություններից, որոնք առկա են և որոնք չեն խոչընդոտում Հայաստանի` ԵՏՄ անդամ լինելուն», – նշել է Յարոմիր Շտետինան։
Նրա կարծիքով` հարկավոր է փորձել եվրոպական միտումներ ներմուծել Հայաստանի և այնպես անել, որ երկու կողմերին էլ շահավետ լինի։
Չեխ պատգամավորը նաև անդրադարձել է Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելու հարցին` նշելով, որ տնտեսական առումով և կարճաժամկետ կտրվածքով միգուցե այդ որոշումը ճիշտ էր։
«Սակայն երկարաժամկետ առումով ԵՄ–ն Հայաստանի համար ավելի ձեռնտու կլիներ։ Հատկապես այս համատեքստում կարևոր է, որ Հայաստանը շահագրգռվածություն ցուցաբերի ԵՄ–ի հետ հետագա համագործակցության տեսանկյունից», – նշել է ԵԽ պատգամավորն ու ավելացրել , որ «սա հենց ՀՀ–ի որոշումն է եղել, և հենց նա պետք է որոշի իր տնտեսական կառուցվածքին վերաբերող հարցերը»։
«Միաժամանակ պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ուժեղ խաղացող է։ ԵՏՄ անդամակցությունն արդեն փաստ է, ԵՄ–ն հաշվի է առնում այդ համագործակցությունը, և ես լիահույս եմ, որ զարգացումները դրական ուղղությամբ են ընթանալու», – եզրափակել է ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինան։
Հայաստանը դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ 2015 թ.–ի հունվարի 2–ից։ Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։–0–