Գագիկ Խաչատրյանը կկորցնի իր դիլերներին ու միլիոնները
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Երեկվանից լուրջ իրարանցում է սկսվել, այսպես կոչված, «կարգոներում», գրում է «Հայկական ժամանակը»։
Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնք զբաղվում են այլ գործարարների ապրանքների ներկրմամբ և մաքսազերծման ծառայություններ մատուցելով: Դրանք, ըստ էության, մաքսային ծառայությանը կից գործող դիլերային գրասենյակներ են, որոնք ուրիշների ապրանքները ներկրելիս մաքսայինի հետ համաձայնեցնում են մաքսազերծման գինը:
Այս գրասենյակների հետ լեզու գտնելու դեպքում՝ ներկրողը համապատասխան վճարի դիմաց կարող է թանկ ապրանքը ձեւակերպել որևէ այլ, ավելի էժան ապրանքի անվան տակ և ավելի քիչ գումար վճարել մաքսազերծման դիմաց: Կամ օրենքով հատով մաքսազերծվող ապրանքը ձևակերպել այնպես, որ մաքսազերծվի կիլոներով, գրում են հոդվածի հեղինակները։
Այս գրասենյակիների գործունեության սխեման այսպիսին է՝ ասենք Թուրքիայում կամ Վրաստանում այս դիլերները գործարարներից ընդունում են ապրանքները, իրականացնում մաքսազերծումը և ՀՀ տարածքում ապրանքը հանձնում գործարարին: Այս գրասենյակները հսկայական, տարեկան մի քանի հարյուր մլն, կամ նույնիսկ մլրդ դոլարի ներկրումների հետ գործ ունեն և հետևաբար հսկայական եկամուտներ են ստանում: Այս գրասենյակների ծառայություններից չեն օգտվում միայն խոշոր ներկրող-օլիգարխները, գրում է թերթը։
Եվ ահա երեկվանից սկսած այս գրասենյակներից զանգահարում են իրենց մշտական հաճախորդներին և հայտնում, որ եթե վերջիններս ծրագրում են առաջիկայում ապրանքներ ներկրել արտասահմանից, ապա ավելի լավ է դեռ «ոտքները կախ գցեն»: Հաճախորդներին պարզաբանում են, թե կարող է այնպես լինել, որ սահմանն անցկացնելիս կամ մաքսազերծելիս իրենք այլևս չլինեն:
Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը: Այդ դիլերների մեծ մասի նկատմամբ լիակատար վերահսկողությունը մինչ օրս իրականացնում էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատը։
Հոդվածի հեղինակների խոսքերով` հարկային և մաքսային կառույցները Ֆինանսների նախարարության կազմից հանելուց հետո համառ լուրեր են շրջում, որ դրանով կտրվելու է նաև Գագիկ Խաչատրյանի և այդ գրասենյակիների միջև կապը, և այդ դիլերները կկորցնեն իրենց գործունեության համար ստեղծված պայմանները:
Դիլերները համոզված են, որ այս ոլորտում լուրջ վերաբաշխումներ են լինելու և շուտով այլ անձինք են վերահսկելու ստվերային մաքսազերծման այս գործունեությունը: Մաքսային դիլերների շրջանում լուրեր են պտտվում, որ այս «գործունեությունը» հանձնվելու է ներկայում Ղարաբաղում բարձր պաշտոն զբաղեցնող ինչ-որ մի անձի, գրում է թերթը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:12 03.03.2016