ՀՀԿ խմբակցության ղեկավարը մեկնաբանել է վաղը կայանալիք վարչապետի ընտրությունները
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ԱԺ–ում մեկնաբանել է վաղը կայանալիք վարչապետի ընտրությունները։
«Տեղի է ունենալու ձևական քննարկում, իմաստը չեմ հասկանում նրա առաջադրման, երկրորդ անգամ առաջադրման կարիքը չեմ տեսնում», – նշեց Բաղդասարյանն` ավելացնելով, որ ԱԺ–ն շարունակելու է գործել մինչև առաջին նիստը։
«Գնում ենք նոր ընտրությունների, դեռ կորցնելու մասին վաղ է խոսել», – ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` մեկնաբանելով լրագրողների այն հարցը, որ մեկուկես տարի անց իշխող ուժը կորցնում է իր ազդեցությունը խորհրդարանում։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին ՀՀԿ–ի մասնակցության հարցին` Բաղդասարյանը նշեց, որ համաժողովի ժամանակ կընդունվի վերջնական որոշում։
«Բնականաբար ունենք խորհրդարանում հայտնվելու շանսեր, թողեք թող հանրությունը գնահատի։ Չեմ կարծում, որ միայն անցողիկ լինելու համար պետք է պայքարենք», – հայտարարեց Բաղդասարյանը։
Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։
Սահմանադրության համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ կրկին չընտրելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նախագահը նշանակում է արտահերթ ընտրություններ։ Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա դեկտեմբերի կեսին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:32 31.10.2018