ՀՀ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ հայ–ռուսական հարաբերությունների ու արտաքին քաղաքականության գերակայությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ` Հայաստանում վերջին շրջանի զարգացումների վերաբերյալ միջազգային գնահատականների մասով։
«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան», – ինչպես հայտնել է ԱԳՆ, այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ըստ նրա, այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։
«Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին», – նշել է Բալայանը։
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Դրանից հետո մի շարք ռուս փորձագեներ հանդես են եկել հայտարարությամբ, որ ներկա իրավիճակը Հայաստանի աշխարհաքաղաքական անվտանգության համատեքստում, ինչպես նաև դաշնակիցների հետ հարաբերություններում կարող է որոշակի մարտահրավերներ ստեղծել ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է նախօրեին, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն համապատասխանում երկրի նոր ղեկավարության այն հայտարարություններին, որ նախկին իշխանությունների նկատմամբ հետապնդումներ չեն լինելու։ –0–