ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքի մասին. ոմանց համար` բիզնես, մեր ազգի համար` մահ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, հայտարարեց, որ նրանց համար դա բիզնեսի հարց է, իր մեր ազգի համար` մահվան գործիք:
«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը մշտապես մեր օրագարգի կենտրոնում է, այդ մասին վերջերս` ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին պաշտոնական հայտարարություն է արել արտաքի գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը` նշելով, որ սպառնալիքի նվազեցման մեխանիզմները պետք է առաջնային դեր խաղան ԱՊՀ պետությունների քաղաքականություններում», - ասաց նա հինգշաբթի հրավիրված մամուլի ասուլիսում:
Ըստ նրա, նախարարի պաշտոնակատարը նշել է նաև, որ սպառազինության վաճառքը և մատակարարումներն ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը կամ կիրառման վտանգի աճի:
«Այդ հարցը (սպառազինության մրցավազքը – խմբ.) բարձրաձայնվում է մեր գործընկերների հետ տարբեր մակարդակների հանդիպումների ընթացքում: Մեր համար սկզբունքային է, որ սպառազինության մրցավազքը տարածաշրջանում պետք է կանխարգելել», - ասաց Նաղդալյանը:
Միաժամանակ նա կոչ արեց չմեկնաբանել այդ հայտարարությունը որպես «հնարավորությունների բացակայություն»:
«Մենք վստահ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԶՈՒ ունեն բարձր պատրաստվածություն, ունեն նաև անհրաժեշտ տեխնիկա Հայաստանի և Արցախի անվտանգությունը և անկախությունն ապահովելու համար», - ասաց Նաղդալյանը:-0-