ՀՀ ԱԺ–ն չընդունեց ԸՕ–ում արտակարգ ռեժիմով փոփոխություններ կատարելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի դեմ քվեարկեց արտակարգ ռեժիմով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի առաջարկին։
Զեյնալյանի առաջարկին «կողմ» քվեարկեց 44 պատգամավոր, դեմ`ներկաներից 53–ը։
Այսօր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պատգամավորներին ներկայացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրինագիծը։ Նա նշեց, որ ելնելով քաղաքական իրավիճակից` հարկավոր է 24 ժամում ընդունել օրինագիծը երկու ընթերցմամբ։ Սակայն այն բանից հետո, երբ պատգամավորներից մի քանիսը դժգոհություն հայտնեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և քվեարկության համար տրված կարճ ժամկետի կապակցությամբ, Զեյնալյանն առաջարկեց փոփոխությունների ընդունումը քննարկել 72 ժամում։
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16–ին արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց ԸՕ–ում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելուն և առաջարկեց ԱԺ–ին քննարկել այդ ամենն արտահերթ ռեժիմով` հոկտեմբերի 22–ին։
Զեյնալյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշեց, որ դրանց հիմնական նպատակն է ժողովրդավարական ինստիտուտների հաստատումը Հայաստանում։–0–