ՀՀ ԱԺ–ն մայիսի 10–ին արտահերթ նիստ կանցկացնի. Արցախի ճանաչման հարցն օրակարգում ներառված չէ

ՀՀ ԱԺ–ն մայիսի 10–ին արտահերթ նիստ կանցկացնի. Արցախի ճանաչման հարցն օրակարգում ներառված չէ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին մայիսի 10–ին անցկացնել արտահերթ նիստ, օրակարգում ներառված է 15 հարց և 4 միջազգային համաձայնագիր, տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։

Օրակարգում ներառված չէ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման օրինագիծը։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ իր եզրակացությունն է ներկայացրել Արցախի ճանաչման օրինագծի մասին։ Կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ օրինագիծը Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև տեղի ունեցած քննարկումների արդյունք է ու պայմանավորված է հետագա, հնարավոր գործընթացներով, այդ թվում` արտաքին գործոններով։ Օրինագծի հեղինակներն ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանն են։ Ըստ օրինագծի` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը։

Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում Ղարաբաղի ճանաչման հարցը կներառվի խորհրդարանի օրակարգում։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում ներառված են «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին», «Պետական տուրքի մասին», «Հայաս­տանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պրոբացիայի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Մաքսային կարգավորման մասին», «Դեղերի մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։

Խորհրդարանը կքննարկի նաև հինգշաբթի կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրինագծերը։

Պատգամավորների քննարկմանը կներկայացվի նաև չորս միջազգային համաձայնագիր, որոնցից երեքը վարկային համաձայնագրեր են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության հետ։

Հարությունյանի խոսքով` խորհրդարանի քննարկմանը ներկայացվող օրինագծերի ցանկում առաջարկվում է ներառել նաև «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները, որոնք հավանության են արժանացել կառավարության այսօրվա նիստի ժամանակ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:48 05.05.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×