ՀՀ դատախազությունը ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 176 հաղորդում
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 21-ի դրությամբ ուսումնասիրել է ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 173 հրապարակում, ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված 2 ահազանգ:
Ուսումնասիրված 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:
Նշված 38 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 35-ով ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:
ՀՀ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2–ին: Դրանք կլինեն հանրապետության առաջին համապետական ընտրությունները 2015 թվականի բարեփոխումներից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման 2018 թվականին պետության գործող ղեկավարի լիազորությունների լրացումից հետո։ Ընտրություններին կմասնակցի ինը քաղաքական կուսակցություն և դաշինք։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:24 22.03.2017