ՀՀ կառավարությունն ԱԺ–ի վավերացմանն է ներկայացրել ԵՄ–ի հետ համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ԱԺ–ի վավերացմանն է ներկայացրել Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգետիկայի եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԵՄ 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից։
Ինչպես հինգշաբթի կառավարության նիստին հայտնեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, փաստաթղթի դրույթները համապատասխանում եմ Հայաստանի պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում ու միտված են դրանց հետագա կարգավորմանը:
«Համաձայնագրի դրույթները համապատասխանում են Հայաստանի պարտավորություններին այլ միջազգային կառույցների շրջանակում ու կարգավորում են երկխոսությունը Հայաստանի ու ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական ոլորտներում, ոլորտային համագործակցությունը ու առևտրային հարաբերությունները», - ասաց փոխնախարարը:
Նա հիշեցրեց, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից վավերացումից հետո: Սակայն այսօրվա դրությամբ վավերացման հետ կապված բոլոր ընթացակարգերն ավարտել է միայն Էստոնիան:
Նա հայտնեց նաև, որ հայտարարորւթյամբ հանդես է եկել նաև Գերմանիան, որը նշել է, որ համաձայնագիրը չի խախտում նրանց ինքնիշխանության իրավունքն անվտանգության ոլորտում:
«Մյուս կողմից մենք ստացել ենք ծանուցում ԵՄ-ից առ այն, որ նրանք ավարտել են ներքին ընթացակարգերը, որպեսզի համաձայնագրի որոշ դրույթներ կարողանան ուժի մեջ մտնել: Դա նշանակում է, որ այդ դրույթներն արդեն կարող են կիրառվել մինչև ԵՄ անդամ երկրների կողմից լիարժեք վավերացումը, եթե Հայաստանը վավերացնի փասթաթուղթը», - ասաց Քոչարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ այդ դրույթներն անդրադառնում են համաձայնագրի գրեթե բոլոր ոլորտներին։
Ըստ փոխնախարարի, Հայաստան – ԵՄ համաձայնագրի որոշ գործող դրույթների առկայությունը թույլ կտա մի փոքր թեթևացնել բանակցությունները Եվրամիության երկրների հետ, որոնք վերաբերում են Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացմանն ու ազատականացմանը:
Միաժամանակ նա նշեց, որ դեռ վաղ է կանխատեսել վիզային ռեժիմի ազատականացման ժամկետները, քանի որ բանակցությունները կանցկացվեն յուրաքանչյուր երկրի հետ անհատական, ինչպես նաև կախված կլինեն ռեադմիսիայի մասին օրենքի ընդունումից:«Եվրամիությունը շատ մտահոգված է միգրանտների հոսքով, ինչի պատճառով ռեադմիսիայի մասին պարտադիր պայման է դնում», - ասաց Քոչարյանը:-0-