Рейтинг@Mail.ru

ՀՀ կառավարությունն ընդունել է երկու մարզպետների հրաժարականները

03.05.2018, 15:38
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստին ընդունել է երկու մարզպետների հրաժարականները:
ՀՀ կառավարությունն ընդունել է երկու մարզպետների հրաժարականները

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստին ընդունել է երկու մարզպետների հրաժարականները:

Ինչպես նիստին նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, սեփական կամքով հրաժարականի դիմումներ են ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը և Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Ապրիլի 26-ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել Դաշնակցության նախարարներն ու մարզպետները: Հրաժարականի դիմումներ են ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մեկ օր առաջ Դաշնակցությունը հայտարարել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու մասին։

ՀՀ ԱԺ–ն մայիսի 1–ի հատուկ նիստում մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հաջորդ օրը ՀՀԿ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ մայիսի 8–ին նախատեսված վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին։ Իսկ «Ծառուկյան» դաշինքն իր հերթին հայտարարեց, որ ընտրություններին կաջակցի ժողովրդի թեկնածուին։

Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–